Ադրբեջանից կրկին սպառնալիքներ են հնչում ՀՀ հասցեցին։ Ադրբեջանի ԱԽ քարտուղար, գեներալ–գնդապետ Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման առումով «ամեն բաց թողած օրն էլ ավելի մեծ կորուստների է մոտեցնում Հայաստանին»։
Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգվում է, գրում է Haqqin.az-ը։
Նա նաև ասել է, թե որքան կարևոր է ՀՀ համար «ավարտին հասցնել սահմանազատումը»։
«Սահմանազատումն ավարտին հասցնելը, խաղաղության պայմանագիր կնքելը հիմա առավելապես Հայաստանին է հարկավոր։ Ադրբեջանն ամբողջությամբ ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները մեր լիակատար վերահսկողության տակ են»,–ասել է նա։
Ուսուբովը նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայ բնակիչների համար «Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու և վերաինտեգրման գործընթաց սկսելու պատմական հնարավորություն է տրված»։
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և որ ՀՀ ԱԳՆ–ն դեռևս հոկտեմբերի 4-ին էր գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը, քանի որ Փարիզն ու Բեռլինը Թուրքիայի մասնակցության հավանություն չէին տվել։