30 ապրիլի 2009 - 15:49 AMT
2009 թվականի առաջին եռամսյակում 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները
2009 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 668.7 մլն խ.մ: Այդ մասին հաղորդել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 625.5 մլն խ.մ, ինչը 11,2 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ 9,4 %-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 268.0 մլն խ.մ: Արդյունաբերությունը սպառել է 73.9 մլն խ.մ, ինչը 6,7%- ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Էներգետիկայի բնագավառը իրացրել է 125.0 մլն խ.մ, ինչը 29.5 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում փոքր-ինչ ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 69.9 մլն խ.մ: 5.3%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ 88.7 մլն խ.մ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մենաշնորհատեր է ՀՀ ներքին շուկայում ռուսական բնական գազի առաքման եւ բախշման ոլորտներում : Գազը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով:

Ընկերությունը ստեղծվել է 1997թ.: «Գազպրոմ» ԲԲԸ-ի բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է շուրջ 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժնեմասը 20 տոկոս է: