30 ապրիլի 2009 - 15:55 AMT
Նալչիկում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 4-րդ շրջանի մասնակիցների մեծարման արարողությունը
Կաբարդինո-Բալկարիայի (ԿԲՀ) մայրաքաղաք Նալչիկի Երաժշտական թատրոնում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի Գրան-Պրիիի չորրորդ շրջանի մասնակիցների մեծարման արարողությունը:

Մրցաշարի գլխավոր մրցավար Վյաչեսլավ Նամուրեւը հրապարակել էր մրցաշարի պաշտոնական արդյունքները:

Գրան-պրիի այդ փուլի իրադարձություններին հետեւել են աշխարհի շատ երկրներից: Գրան-պրիի նալչիկյան շրջանի պաշտոնական կայքի տվյալներով, վերջին օրը կայքից օգտվել է աշխարհի 150 երկրի ներկայացուցիչ: Մինչեւ վերջին օրն անզիջում պայքար է ընթացել: Արդյունքում ՖԻԴԵ-ի Գրան-պրիի չորրորդ շրջանում հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը :

30000 եվրո մրցանակային գումարով պլաստիկ քարտը հաղթողին հանձնել են ՖԻԴԵ-ի առեւտրային տնօրեն Ջեֆրի Բորգը, ԿԲՀ կառավարության նախագահ Անդրեյ Յարինը եւ ԿԲՀ սպորտի եւ զբոսաշրջության նախարար Ասլան Աֆաունովը:

Լեւոն Արոնյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մրցության կազմակերպիչներին հյուրընկալության համար. «Ես այստեղ հիանալի օրեր եմ անցկացրել: Երբ ես մեկնում էի Նալչիկ, ծնողներս ասացին, որ այստեղ շատ հյուրընկալ եւ բարեհամբույր մարդիկ են: Նալչիկը հիանալի վայր է շախմատի մրցաշարերի անցկացման համար»:

«Վիվատ, արքա, վիվատ» երգի ուղեկցությամբ հաղթողին հագցրել են կովկասյան ազգային սպիտակ յափնջի:

Մրցաշարի մասնակիցներին նաեւ հանձնել են հուշանվերներ. «Հաղթանակին հասնելու կամքի համար» Գատա Կամսկուն, «Շախմատի Ցիցերոն» Ռուստամ Կասիմժանովին, «Ամենաբազմակողմանի մարզիկին»` Շահրիար Մամեդյարովին, իսկ «Հանդիսատեսի համակրանքի մրցանակը» բաժին է ընկելՎասիլի Իվանչուկին: