11 հոկտեմբերի 2023 - 15:19 AMT
Էկոնոմիկայի նախարարությունը ԼՂ–ից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է մշակել

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի, ծրագրեր են մշակել ու ներկայացրել կառավարություն: Նրանց համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ կլինեն նոր ծրագրեր, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ:

Հոկտեմբերի 9-ին նախարարությունում հանդիպում է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ՝ խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով, հայտնում է Արմենպրեսը։

«Բավականին շատ մարդիկ էին եկել, որոնք հետաքրքրված էին մեր՝ արդեն իսկ իրականացվող ծրագրերով: Ունեցանք նաև գաղափարների որոշակի փոխանակում, թե ինչ ծրագրեր առավել արդյունավետ կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար: Քննարկման արդյունքներով այն նախագծերը, որոնք մշակել և ներկայացրել էինք կառավարություն, որոշակի փոփոխություններ կկրեն»,-ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Գործարարները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը կապված են եղել նաև տեխնիկական հարցերի հետ: Եղել են հարցեր՝ հարկային համակարգերի փոխգործելիության հետ կապված և այլն: Գևորգյանի հավաստիացմամբ՝ դրանք լուծելի են: Բռնի տեղահանված գործարարները հետաքրքրվել են, թե Էկոնոմիկայի նախարարությունն ինչ ծրագրեր է իրականացնում, որոնցից կարելի է օգտվել:

«Ծրագրերը մի քանիսն են: Այս պահին մասնավոր հատվածի զարգացման մեր ամենաընդարձակ ծրագիրը տնտեսության արդիականացման միջոցառումն է: Միջոցառման շրջանակում արդեն իսկ կնքվել է 2500-ից ավելի վարկային պայմանագիր և 400 մլն դոլարից ավելի միջոցներ արտոնյալ տոկոսներով հասանելի են դարձել Հայաստանի քաղաքացիներին: Ծրագիրը գործել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բռնի տեղահանումից հետո, բնականաբար, այն գործարարները, որոնք կցանկանան օգտվել ծրագրից, նույնպես դրա հնարավորությունն ունեն»,-վստահեցրեց փոխնախարարը:

Ծրագրի շրջանակում ընկերությունները մինչև 10 մլրդ դրամ սահմանաչափով կարող են ձեռք բերել մեքենասարքավորումներ, որոնց տոկոսագումարները պետությունը սուբսիդավորում է:

Նախատեսվում են նաև նոր ծրագրեր, դրանք կլինեն ոչ միայն բռնի տեղահանվածների համար, այլ Հայաստանում առհասարակ մասնավոր հատվածի համար:

«Իսկ բռնի տեղահանվածների համար որոշակի արտոնյալ պայմաններ կգործեն: Դրանք այն առաջարկներն են, որ դեռ նախորդ շաբաթ մշակել և ներկայացրել ենք կառավարություն»,-ասել է փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպմանը մասնակցած գործարարները եղել են հիմնականում շինարարության, մշակող արդյունաբերության և այլ ոլորտներից:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։