11 հոկտեմբերի 2023 - 17:57 AMT
Ադրբեջանի ԱԳՆ. 1975-ի ԽՍՀՄ քարտեզը, որին հղում է անում Փաշինյանը, գոյություն չունի

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը կողմ է սահմանազատմանն ու սահմանազատմանը 1975 թ. ԽՍՀՄ շրջանի քարտեզի հիման վրա։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ նման քարտեզ գոյություն չունի։

«Նախկին ԽՍՀՄ-ի ժամանակ տարբեր ժամանակաշրջաններում մեր տարածաշրջանի համար կազմվել են մի շարք քարտեզներ, և հայտնի է, որ այդ քարտեզներից ոչ բոլորն են հիմնված եղել դրանց ճշգրտությունը հաստատող իրավական փաստաթղթերի վրա։ Ինչ վերաբերում է 1975 թվականի քարտեզին, որին հղում է անում Հայաստանը, ապա նման քարտեզ գոյություն չունի, իսկ 1973-1986 թվականներին տարբեր ժամանակներում մի քանի քարտեզներ են պատրաստվել։

Ընդհանուր առմամբ, ըստ փորձի, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա։ Եվ որպեսզի այդ քարտեզների վրա հնարավոր լինի հղում կատարել, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա, այդ թվում այս կամ այն ձևով հաստատված լինեն երկու երկրների կողմից»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է APA-ն։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հերթական շինծու մեղադրանքներն է հնչեցրել ՀՀ հասցեին՝ նշելով, թե, իբր, «տարածքային պահանջների պատճառով Հայաստանը մինչ օրս չի սահմանազատել իր սահմանները հարևաններից ոչ մեկի հետ»։

Նշվում է նաև, թե այն պնդումը, որ սահմանազատումը պետք է կատարվի մեկ քարտեզի հիման վրա, «անտրամաբանակն է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10–ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում է խոսել 1975թ․ կամ 1975-1978 թթ. քարտեզների հիման վրա սահմանազատման անհրաժեշտության և այդ քարտեզի սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Նա ասել է նաև, որ ՀՀ–ն էլ Ադրբեջանից 8 գյուղերի խնդիր ունի։

«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում նույնպես»,–ասել է նա։