Արցախցի 42 բուժաշխատող արդեն ստացել է հավաստագիր և կարող է անցնել աշխատանքի՝ նրանք ունեցել են կրեդիտավորված կուրսերի մասնակցություն։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հավելել է, որ 100–ից ավելի մասնագետի պետական բուժհաստատություններում արդեն կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել և շատերն անցել են աշխատանքի։
Նա նշել է նաև որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 500–ն արդեն գրանցվել է աշխատանքի տեղավորման համար, որից 213 բուժաշխատող վերապատրաստման փուլում է։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերապատրաստումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար։
«Նրանք հնարավորություն կունենան նաև փոփոխելու իրենց մասնագիտացումը և համապատասխանեցնելու ՀՀ –ի պահանջարկին»,– ասել է Ավանեսյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։