12 հոկտեմբերի 2023 - 16:52 AMT
2023–ի հունվար–օգոստոսին ծնելիության ամենաբարձր ցուցանիշն էր վերջին 5 տարում

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում վերջին 5 տարվա կտրվածքով արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ դա շատ կարևոր ցուցանիշ է։

«Սա նաև ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, առողջապահության ոլորտում վարած քաղաքականության արդյունքն է»,–ասել է նա։

Նա ընդգծել է, որ դա առաջին 8 ամսվա տվյալներն են։

«Հուսով եմ, որ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, իհարկե, կօգնի, որ նրանք Հայաստանից չհեռանալու որոշում կայացնեն, և այս ցուցանիշների գծով մենք կունենանք ավելի լավ տվյալներ»,–ասել է վարչապետը։