Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը:
«Ե՛վ կառավարության, և՛ հանրության, և՛ բոլորի համար շատ կարևոր է, որ ծախսված ամեն գումարի հետ կապված կարողանանք հաշվետվություն տալ», - կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։
Նա հիշերցել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են որոշ դրվագներ, որոշ աղմուկներ, հիմա չպետք է թույլ տալ, որ անգամ 1000 դրամի հետ կապված հարց ծագի, թե գումարն ուր գնաց:
Վարչապետը դիմել է նաև վարձակալությամբ բնակարան տրամադրողներին. «Բոլորդ պետք է գաք օրինական դաշտ»:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։