Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որը առևանգվել և շինծու մեղադրանքներով կալանավորվել է Ադրբեջանի կողմից, կապ է հաստատել ընտանիքի հետ, ասել, որ լավ վիճակում է:
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի հետ, որը տեղեկացրել է, որ Վարդանյանը խոսել է կնոջ հետ։
Այն հարցին, թե նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել՝ Վարդանյանի որդին ասել է, որ ոչ։
«Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրեց, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից»,–ասել է Դավիթը։
Նա նաև տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապվել են իր մոր հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել Ռուբեն Վարդանյանի և այլ գերիների հետ։
Լրագրողը հարցրել է․ «Հիմա դուք աշխատում եք կազմակերպել միայն Ռուբեն Վարդանյանի՞ վերադարձը, թե՞ նաեւ այլ գերիների»:
«Հայաստան պետությունը նաև հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց այս մասին դեռ վաղ է խոսել»,–պատասխանել է Վարդանյանի որդին։
Նա նաև պատասխանել է փաստաբանի մասին հարցին։
«Հասարակական կազմակերպություններից մեզ փոխանցված կոնտակտների, ինչպես նաև ծանոթների միջոցով մենք կարողացանք կապ հաստատել տեղացի փաստաբանի հետ, որին վարձել էինք հորս շահերը ներկայացնելու համար: Այս փաստաբանն այժմ ներկայացնում է մեր շահերը Ադրբեջանում»,–ասել է նա։
Լրագրողը նշել է, որ Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին, ուստի՝ ի՞նչ երաշխիք կա, որ օրինական ճանապարհով հնարավոր կլինի հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։
«Ես, ինչպես շատ ուրիշներ, կարծում եմ, որ մարդկային արժեքները և օրենքը, բոլոր դեպքերում գործում են, և որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս ազդեցություն ունի։ Ես գիտեմ, որ նախկինում խնդիրներ են եղել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման հետ կապված, բայց ես իսկապես հավատում եմ այս հաստատություններին և հուսով եմ, որ այս գործընթացը կօգնի ազատել հորս»,–պատասխանել է Վարդանյանի որդին։
Սեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Վարդանյանը հետագայում կալանավորվել է 4 ամսով։ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։