12 հոկտեմբերի 2023 - 18:51 AMT
Հալիձորում Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ համայնքային կենտրոն է բացվել

Հոկտեմբերի 11-ին Հալիձորում ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ համայնքային կենտրոն է բացվել: Այն ուղղված է կրթության, մշակույթի,սպորտի ոլորտներում ծրագրերի իրականացմանն ու համայնքային ներուժի ամրապնդմանը: Կենտրոնը կդառնա նաև համայնքի բնակիչների հանդիպումների, շփումների, գաղափարների քննարկման վայր, կխրախուսի Հալիձորում մշակութային բազմազանությունը՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ։

Հալիձորի համայնքային կենտրոնը ստեղծվել և գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը:

Դիլիջանի կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականին՝ հասարակական գործիչ և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ, և տարիների գործունեության ընթացքում դարձել Դիլիջանի համայնքային կյանքի համախմբման և ոգեշնչման հարթակ։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվեն տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված կրթական ծրագրերին, որոնք ներառելու են դասընթացներ, մասնագիտական ուսուցումներ, ինչպես նաև առօրյա կյանքում անհրաժեշտ հմտությունների դասավանդում։

Կենտրոնի բացման արարողության ժամանակ Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ իրենց կուտակած հարուստ փորձով պատրաստ են կիսվել Հալիձորի գործընկերների հետ։ «Մենք հավատում ենք համայնքի ուժին և հույս ունենք, որ կենտրոնի բացումը կդառնա համայնքում նոր, ավելի վառ փուլի սկիզբ։

Բացման արարողությանը ներկա է եղել նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել նախաձեռնությունը՝ նա վստահություն է հայտնել, որ կենտրոնը կդառնա երեխաների ու բոլոր բնակիչների սիրելի վայր՝ նպաստելով Հալիձորի հետագա զարգացմանը:

«Տարիներ առաջ իմ ծնողները որոշում կայացրին հիմնել Դիլիջանի համայնքային կենտրոնը, որպեսզի տեղի բնակչության, երեխաների համար ստեղծվի մի վայր, որտեղ կրթական, մշակութային և այլ միջոցառումներ կանցկացվեն: Ժամանակը ցույց տվեց, որ այդ նախաձեռնությունն իսկապես արդյունավետ է համայնքի համար: Եվ հիմա ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ այսպիսի կենտրոն է բացվում նաև Հալիձորում: Եթե հայրս կարողանար՝ նա հիմա անձամբ կլիներ այստեղ»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Սեպտեմբերի 26-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունները առաջինը ձերբակալել են ռուսաստանցի գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Վարդանյանը հետագայում կալանավորվել է 4 ամսով։ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։