ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ստեփանակերտ կատարած այցի մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, հումանիտար և անվտանգության հարցերով և հավելել, որ ուժի կիրառումն անընդունելի է։ Այդ մասին պաշտոնյան ասել է ադրբեջանական Թուրան գործակալության թղթակցին։
«Ինչպես արդեն ասել ենք, ուժի կիրառումն անընդունելի է, իսկ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել ու աջակցել Հայաստանին։
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին, սերտորեն համակարգելով մարդասիրական կազմակերպությունների հետ, օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում: Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ցնցում ու տրավմա են նրանք ապրում և ինչ անորոշության են բախվում»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելուց հետո, Ստեփանակերտից սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա ասել է, թե «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր նայի» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։
Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել քաղաքում և հայտարարե,լ է, որ իր երկիրը «հասավ այն ամենին, ինչ ցանկանում էր»։