20 հոկտեմբերի 2023 - 18:20 AMT
Կոստանյան. Թեհրանը Երևանին «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել

Պաշտոնական Թեհրանը Երևանին «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի 3 պետություններին, այսինքն` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև այդ ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»,– նշել է Կոստանյանը, գրում է Sputnik Արմենիա։

Նա հավելել է, որ հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտայնություն չի՞ տեսնում պաշտոնական Բաքվի մոտ արևմտյան ձևաչափերից հրաժարվելու` նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսվում էր նաև Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։

«Ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում` արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես էլ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»,– ասել է Կոստանյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին հանդիպում կայանա՝ Կոստանյանը վերահաստատել է, որ հայկական կողմը պատրաստակամ է մասնակցել հանդիպմանը, այս հարցում ավելացնելու բան հայկական կողմը չունի։

Ինչ վերաբերում է այն հարցին` ի վերջո հայկական կողմն արևմտյա՞ն, թե ռուսական հարթակին է առավել հակված, նախարարի տեղակալը նշելը, որ հարթակն ինքնանպատակ չի կարող լինել։

«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք կարգավորել մեր հարաբերությունները և դրանից հետո ձեռքբերված և գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն, և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի»,– շեշտել է նա։

Նա նաև նշել է, որ բրյուսելյան հանդիպման հստակ օր չկա, որովհետև նախ ադրբեջանական կողմը պետք է հաստատի իր ներկայությունն այդ հանդիպմանը, դրանից հետո հնարավոր լինի օր ֆիքսել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է: