20 հոկտեմբերի 2023 - 18:49 AMT
ԶԼՄ․ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և Եվրամիությանը մերձեցման հարցերը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը և ԵՄ-ին նրա մերձեցման հարցերը։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին է հայտնել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին, մենք ցանկանում ենք ամրապնդել նրա կայունությունը։ Հայաստանը ժողովրդավար երկիր է, մենք ցանկանում ենք Հայաստանին մերձեցնել ԵՄ-ին»,- ասել է նա։

Հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները։ Վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը չի ցանկանում դա որևէ կերպ հակադրել տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականին։

Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։