30 ապրիլի 2009 - 22:11 AMT
AIBA նախագահ. Երեւանում կայանալիք բռնցքամարտի ԱԱ-ին մասնակիցների թիվը ռեկորդային է
Մայիսի 23-30 Երեւանում կայանալիք բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության մասնակիցների թիվը ռեկորդային է: Այդ մասին հայտնել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Չինգ Կուո Վուն:

«Մասնակցության այդպիսի բարձր մակարդակը վկայում է միջազգային բռնցքամարտի աճող վարկանիշի մասին: Այս աշխարհի առաջնությունը նպաստում է միջազգային սիրողական բռնցքամարտի զարգացմանը: Իսկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամբողջությամբ պատրաստ է այս առաջնությանը»,- նշել է Վուն:

Առաջին «AIBA կադետների աշխարհի առաջնությունը» առաջին անգամ անցկացվել է Բաքվում 2001թ.: Դրան մասնակցում էին 132 բռնցքամարտիկ 21 երկրներից: Կադետների վերջին ԱԱ-ին 2007թ., որը նույնպես տեղի ունեցավ Ադրբեջանի մայրաքաղաքում, մասնակցեցին 230 մարզիկներ 39 երկրներից:

Ռուսաստանի պատանեկան հավաքականն այս առաջնության առաջատարն է: Նա իր հաշվում ունի 53 մեդալ, որոնցից 23-ը` ոսկե: Երկրորդ տեղում 33 մեդալներով (10-ը` ոսկե) Ուկրաինայի հավաքականն է: Երրորդում` Ադրբեջանի հավաքականը (6 մեդալ):

Պատանիների աշխարհի առաջնությունը AIBA-ի վեց առաջնություններից մեկն է: Նրանց թվի մեջ մտնում են նաեւ չափահասների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունները, կանանց աշխարհի առաջնությունը, Աշխարհի գավաթը եւ AIBA նախագահի գավաթը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայում, ապրիլի 29-ին ՀԲՖ է ուղարկվել ԱԱ մասնակցության հերթական հայտը. 49-րդ մասնակից երկիրը դարձավ Մոնղոլիայի հավաքականը: