26 հոկտեմբերի 2023 - 15:04 AMT
Փաշինյան․ ՀՀ-ում միջազգային կոմունիկացիաների անվտանգությունն ապահովող հատուկ ստորաբաժանում կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում ելույթում, անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում։

«Այդ ստորաբաժանման գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ»,–ասել է նա։

Նա նշել է, որ այդ ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

Նա նշել է նաև, որ բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:

Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով: