ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ հոկտեմբերի 26-ի ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Բաքվի ու Երևանի միջև համաձայնությունը բխում է բոլորի շահերից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք շարունակում ենք կարծել, որ երկու կողմի [Հայաստանի ու Ադրբեջանի], ամբողջ տարածաշրջանի և ավելի լայն աշխարհի շահերից է բխում, որ այդ երկու կողմը հասնեն խաղաղության համաձայնագրի, և մենք կշարունակենք դա առաջ մղել»,- ասել է Միլլերը:
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե Բրյուսելում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկման ֆոնին ի՞նչ հույսեր կան խաղաղ գործընթացի առնչությամբ։
Հոկտեմբերի 25–ին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։