30 հոկտեմբերի 2023 - 10:56 AMT
Բորդյուժա․ Չեմ պատկերացնում ՀՀ ապագան առանց ՀԱՊԿ–ի

ՀԱՊԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց կազմակերպության։ Նա նաև ասել է, որ հիմքեր չի տեսնում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՀՀ շատ քաղաքական ուժերի հետ։ Ուստի, ըստ իս, սա ժամանակավոր երևույթ է, ամեն դեպքում Հայաստանը կլինի և Ռուսաստանի, և Բելառուսի, և ՀԱՊԿ–ի հետ»,–ասել է Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա հիմնավորել է դա այն հանգամանքով, որ ՀՀ–ն չափազանց շատ է ինտեգրված ՌԴ հետ։

«Ես ուղղակի չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ–ի, ուղղակի չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան է ինտեգրված ՌԴ հետ, և ոչ միայն տնտեսապես։ Չէ որ հսկայական քանակի հայեր, մի քանի միլիոն հայեր են ապրում Ռուսաստանում»,–ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն դրդում են ՀՀ ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ–ից։ ՀՀ պաշտոնյաները հայտարարում են, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու հարց ՀՀ օրակարգում չկա։