Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։
Նա հիշեցրել է, որ գիտաշխատողների աշխատավարձերի առաջին բարձրացումը եղել է 2022 թվականի հունվարին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը»,-ասել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 %- ով 2021 թվականի համեմատ։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114, 300 դրամ էր։
Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500,000 դրամ, որն աճել է 138,100 դրամից։
Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որը ոլորտում որակական փոփոխություններ կմտցնի։
2024 թվականի պետբյուջեից ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ38 տոկոսով ավելի է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության մյուս տարվա բյուջեն աննախադեպ է համարում: