ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախյան հակամարտությունը չի ավարտվել՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։
Նա նշել է նաև, որ ցավն անտրտունջ տանելը քիչ է՝ պետք է պայքարել։
«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։
Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։ Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։
Նա սպասում է մեզ։
Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։ Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»,–գրել է նա։
Նոյեմբերի 8–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդեսի է մասնակցել ամայի Ստեփանակերտում։ Նրան ուղեկցել են կինն ու որդին։