1 մայիսի 2009 - 17:49 AMT
Երեւանում ընդդիմությունը ցույց է անցկացնում
Այս պահին Երեւանում Հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի դիմաց տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից կազմակերպված ընդդիմության ցույցը:

Հայաստանի ոստիկանությունը չի խոչընդոտել ցույցի անցկացմանը, սակայն հայտարարել է, որ ցույցի համար նախատեսված երթն արտոնված չէ քաղաքային իշխանությունների կողմից: Բարձրանալով ամբիոնի մոտ` ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ երթը կթույլատրվի բացառապես տոնի առթիվ եւ պայմանով, որ կազմակերպիչները կերաշխավորեն հասարակական կարգի պահպանումը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին հաղորդել է, որ իրենք զգուշացում են ստացել քաղաքում առկա կասկածելի խմբավորումների մասին, բայց այդ փաստին ոստիկանության ուշադրությունը գրավելու փորձերն անարդյունք են եղել: PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ խմբավորումներ են դրանք եւ ով է նրանց մեջքին կանգնած, Զուրաբյանը պատասխանել է, որ իրեն դա հայտնի չէ, սակայն նրանք կարող են վտանգ ներկայացնել ՀԱԿ ցուցարարների եւ անդամների համար:

Հավաքվածների առաջ ելույթ ունեցած ՀԱԿ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը հայտնել է, որ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են գյուղական շրջաններից մարդկանց ներհոսքին, իսկ Երեւան գալ ցանկցացողներին հաճախ կանգնեցնում են սպառնալիքներով:

Մատենադարանի մոտ ցույցին հավաքվել է Հայ ազգային կոնգրեսի ողջ ղեկավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ցույցի մասնակիցների թիվը մոտ 7-8 հազար է:

  • Ֆոտոռեպորտաժ