1 մայիսի 2009 - 18:09 AMT
Թուրքիայում Դանիայի դեսպանը նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Թուրքիայում Դանիայի դեսպան Ջեսպեր Վարին նշանակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար: «Ես որոշեցի այդ պաշտոնին նշանակել Ջեսպեր Վարին, քանի որ նա երկար ժամանակ աշխատել է ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարի հետ Ալյանսում բարեփոխումներ կատարելու համար»,- հայտնել է Ռասմուսսենը` ավելացնելով, որ ինքը մտադիր է շարունակել ալյանսում բարեփոխումները:

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը նաեւ վստահություն է հայտնել, որ Ջեսպեր Վարը աջակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ շտաբակայանի միջեւ համագործակցությանը: Ջեսպեր Վարն իր պարտականությունների կատարմանը կանցնի ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին Ռասմուսսենի թեկնածության դեմ մինչեւ վերջին պահը առարկում էր Թուրքիան: Սակայն նրա դիրքորոշումը փոխվեց ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո: Բարակ Օբաման Գյուլին երաշխիքներ հայտնեց, որ թուրքական պահանջները կկատարվեն Ռասմուսսենի թեկնածությանը Թուրքիայի համաձայնության փոխարեն:

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆֆերի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: