Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին, հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին, գրում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ խոսքն այն անձանց մասին է, ում մասին հաստատումները կազմակերպությունը ստացել է վերջերս։
«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները պարբերական բնույթ են կրում: Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,-ասել է Զառա Ամատունին։
Նրա խոսքով, տեսակցություններն անցնում են առանձնազրույցի ձևաչափով, որի ընթացքում յուրաքանչյուր անձի հետ քննարկվում են իրեն վերաբերող հարցերը, խնդիրները։ ԿԽՄԿ-ի աշխատակիցների ուշադրության կենտրոնում է լինում բոլոր անձանց առողջական վիճակը, նրանց պահման պայմանները։ Այդ ամենը դիտարկվում են ինչպես առանձնազրույցների, այնպես էլ բոլոր հնարավոր տարածքներով շրջայցերի միջոցով։
«Ինչ վերաբերում է այդ նկատառումներին և, թե ինչպես ենք մենք հետևողական դրանց, ապա սա արդեն փակ տեղեկություններ են և անմիջապես քննարկվում են տեղի իշխանությունների հետ։ Տեսակցությունների նպատակն այն է, որ կարողանանք տեսնել, թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչի կարիք ունեն և եթե կարող ենք նաև մենք աջակցել, որ այդ կարիքները հնարավոր լինի պատշաճ կերպով հասցեագրել։ Նշեմ, որ մենք չենք բարձրաձայնում դրա մասին հանրային հարթակում։ Դա մեզ թույլ է տալիս առավելապես բաց կերպով քննարկել այդ հարցերն այն պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար»,-ասել է Զառա Ամատունին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։