18 նոյեմբերի 2023 - 13:51 AMT
Պեսկով․ Մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին–Փաշինյան հեռախոսազրույց նախատեսված չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 23–ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց նախատեսված չէ։

Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դեռ ոչ։ Դեռ գագաթնաժողովը տեղի չի ունեցել․․․Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնելու»,–ասել է Պեսկովը լրագրողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։