Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:
Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը փաստաթուղթ է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև: Այն հիմնականում իրավական հարցերն է կարգավորում:
Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք հավատում եք, որ սա կամրապնդի մարդկանց անվտանգությունը, մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և սա մեր գործիքներից մեկն է, որ ունենք Հայաստանում»,-ասել է Մարագոսը:
Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա այդ հարցը որոշվել է մի քանի օր առաջ Բրյուսելում՝ Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։
Եվրամիության քաղաքացիական առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2023 թվականի փետրվարից․ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում: