Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալը։
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այդպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Սերբիայի թիմը, իսկ արծաթե մեդալակիր՝ Գերմանիայի հավաքականը, որոնք վաստակել են 15-ական միավոր։ Հայաստանի թիմը վաստակել է 13 միավոր։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը մեկ անգամ դարձել է օլիմպիադաների արծաթե, երեք անգամ՝ բրոնզե, չորս անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։