2 մայիսի 2009 - 18:55 AMT
Մայիսի 7-ին Թբիլիսիում կկայանա Արապյանին որպես փաստաբան գրանցելու մերժման գործի լսումը
2009թ. մայիսի 7-ին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայանալու է ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանի որպես ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման դատավարության առաջին նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայրենադարձության եւ յուրացման «Երկիր» Հասարակական կազմակերպությունների միությունից:

Չախալյանների ընտանիքի շահերը նշված գործում ներկայացնելու է փաստաբան Նինո Անդրիաշվիլին, որը վրացական «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպության անդամ է, որի նպատակն է Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

Վրաստանի արդարադատության նախարարությունը ս.թ. փետրվարի 16-ին առանց որեւէ պատճառաբանման հրաժարվեց գրանցել պրն Արապյանին որպես Չախալյաններ պաշտպան: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին մարտի 6-ին Արդարադատության նախարար Զ. Ադեիշվիլիին ուղղված նամակում առաջարկեց վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ արտոնել ֆրանսիացի փաստաբանի մասնակցությունը նրանց նկատմամբ ընթացող դատավարությունում, սակայն վրացական իշխանությունները արհամարհեցին այդ հանձնարարականը:

Ապրիլի 14-ին եւ 28-ին Փարիզում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի տեղի ունեցած ցույցերի ընթացքում, ցույցի կազմակերպիչներին ընդունած Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան խոստացավ, որ վրացական իշխանությունները դրական լուծում կտան Պատրիկ Արապյանի գրանցման խնդրին:

Ապրիլի 6-ին մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Իրակլի Բարձիմաձեն, որը Վահագն Չախալյանի համար պահանջեց 14 տարի ազատազրկում եւ 18000 լարի (10,650 ԱՄՆ դոլար) տուգանք, Ռուբեն Չախալյանի համար` 4 տարի ազատազրկում եւ 6,000 լարի (3,550 ԱՄՆ դոլար) տուգանք, Արմեն Չախալյանի համար` 3 տարի պայմանական ազատազրկում եւ 3,000 լարի (1,750 ԱՄՆ դոլար)տուգանք: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան դատապաշտպանները: Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, իսկ այնուհետեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: