2 մայիսի 2009 - 21:41 AMT
Հայաստանի նախագահը հանդիպել է Եվրոպայից երիտասարդ քաղաքական գործիչների հետ
Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել տասնյակ եվրոպական երկրներից երիտասարդ քաղաքական գործիչների Ծաղկաձորում անցկացվող ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների հետ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN. Net-ի թղթակիցը Ծաղկաձորից, համաժողովի աշխատանքին մասնակցում է 30 երիտասարդ քաղաքական գործիչ 15 եվրոպական երկրից եւ հենց Հայաստանից: Ոչ պաշտոնական իրավիճակում քննարկվող հիմնական հարցերն են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:

«Եվրոպացի երիտասարդ գործիչների հետ հանդիպումը մեզ մոտ առաջին անգամ է անցկացվում, եւ նման կարգի հանդիպումները մեզ համար ծայրահեղ օգտակար են», - իր ողջույնի խոսքում ընդգծել է Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահի խոսքերով, այդպիսի հանդիպումները տարբեր երկրներից երիտասարդ քաղաքական գործիչներին հնարավորություն կընձեռեն քննարկելու արդիական հարցեր, կարծիքներ եւ գաղափարներ փոխանակել:

Նախագահ Սարգսյանը նաեւ նշել է, որ միշտ պատրաստ է աջակցել երիտասարդության բոլոր նախաձեռնություններին եւ քննարկել նրանց ներկայացրած առաջարկությունները:

Իր ելույթում, Սերժ Սարգսյանը նաեւ մանրամասնորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախապատմությունն ու այդ հակամարտության կարգավորման գործում Հայաստանի դիրքորոշումը: