2 մայիսի 2009 - 22:32 AMT
Կարեն Սարգսյանի քանդակները ներկայացվել են Նիդերլանդներում
Ժամանակակից քանդակագործենրի երեւակայությունն այնքան է զարգացել, որ երբեմն դժվար է լինում որոշել նրանց աշխատանքների ոճն ու ժանրը: Այսպես, օրինակ, Հոլանդիայում բնակվող քանդակագործ Կարեն Սարգսյանն իր գործերը ստեղծելու համար օգտագործում է թուղթ ու մկրատ:

Կ.Սարգսյանի աշխատանքները մինչեւ մայիսի 26-ը կցուցադրվեն Նիդերլանդների Hudson Valley ժամանակակից արվեստի կենտրոնում: Ցուցահանդեսը կոչվում է «Արտերկրի ընկալումը» եւ բաղկացած է ինչպես եզակի աշխատանքներից, այնպես էլ բարդ ինստալյացիաներից:

Առաջինն, ինչ աչքի է ընկնում ցուցահանդեսում, դա բազրիքին հենված թղթե սեւ մարդն է եւ ցուցասրահի մուտքի մոտ հարմար տեղավորված շունը: Ներսում կարելի է տեսնել բազում թղթե արարածների, որոնք լի են զգացմունքներով, երբեմն ցավով ու տառապանքով, որոնց «Thieme Art Award 2007» հեղինակավոր հոլանդական մրցույթներից մեկի մրցանակակիրը ստեղծել է հասարակ թղթի ու մկրատի միջոցով:
Կարեն Սարգսյանը ծնվել է 1973թ. Երեւանում: Գեղարվեստական կրթությունը նա ստեցել է Նիդերլանդների մշակույթի նախարարությանը կից արվեստների ու գիտության բաժնում: Առաջիկայում նկարիչն իր աշխատանքները կցուցադրի Նյու Յորքի կերպարվեստի ու դիզայնի թանգարանում եւ կմասնակցի Նիդերլանդներում կայանալիք «Stressed Shelter» ցուցահանդեսին: