1 դեկտեմբերի 2023 - 11:59 AMT
Ucom-ի գլխավոր տնօրեն Յիրիկյանը դասախոսություն է անցկացրել Աբու Դաբիի համալսարանում

Կապի ազգային օպերատոր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Աբու Դաբիի համալսարանի բիզնեսի դպրոցում: Հեռահաղորդակցության ոլորտի երկարամյա ղեկավարն իր փորձառությամբ է կիսվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բնակվող Հարվարդի, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների շրջանավարտների հետ` Առաջնորդության դպրոց Հայաստանի հրավերով։

«Առաջնորդությունը ճշմարտության համար պայքարելու վստահությունն է, դժվար որոշումներ կայացնելու քաջությունն ու մարդկանց կարիքները հասկանալու կարողությունը: Մնացածը կառավարում է»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Ucom-ի գլխավոր տնօրենը Հայաստանի կանաչ օպերատորի օրինակով խոսել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել: Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ թե՛ փոքր, և թե՛ խոշոր կազմակերպություններում առաջնորդելու առաջին քայլը նախաձեռնողականությունն է:

Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկումներ վարել: