4 մայիսի 2009 - 15:14 AMT
Տիգրան Քոթանջյանը «Dubai Open»-ում հաղթանակից մեկ քայլի վրա է գտնվում
Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Շախմատի «Dubai Open» Դուբայի 11-րդ բաց առաջնության 8-րդ փուլից հետո, որում խաղարկվում է շեյխ Ռաշիդ Բին Համդան Ալ Մահդումի գավաթը, առաջատարի դիրքը 6,5 միավորով կիսում է ռուս շախմատիստ Դմիտրի Բոչարովի հետ: Քոթանջյանը նախավերջին 8-րդ փուլում սեւերով հաղթանակ է տարել վրացի գրոսմայստեր Լեւան Պանտսուլայի նկատմամբ: Մեկ ուրիշ, նույնպես ոչ վատ ելույթ ունեցող հայ շախմատիստ` Աշոտ Անաստասյանը, միավորները կիսել է Բելգիայի ներկայացուցիչ Վադիմ Մալախատկոյի հետ: Անաստասյանն 8 փուլից հետո կիսում է մրցաշարային աղյուսակի 3-8-րդ տեղերը, ինչպես նաեւ պահպանում է մրցաշարում հաղթելու շանսերը:

Դուբայի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Հրանտ Մելքումյանը, Սուրեն Պողոսյանը, Վարդան Խոջայանը եւ Աղասի Ինանցը այնքան էլ հաջող ելույթ չեն ունենում եւ բարձր դիրքեր չեն զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:

Վերջին փուլում Տիգրան Քոթանջյանն ուժերը կչափի ռուս շախմատիստ Պավել Մելետինի հետ, եւ հաղթանակի դեպքում կարժանանա մրցաշարի չեմպիոնի կոչման: Իսկ Աշոտ Անաստասյանը կխաղա հնդիկ գրոսմայստեր Արուն Պրասադայի հետ:

Հայ շախմատիստների դրությունն ութ փուլից հետո.

1-2.Տիգրան Քոթանջյան, Դմիտրի Բոչարով-6,5 միավոր
3-8. Աշոտ Անաստասյան-6
23-42. Հրանտ Մելքումյան, Սուրեն Պողոսյան -5
61-78. Աղասի Ինանց-4
79-91. Վարդան Խոջայան-3,4:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 45 000 դոլար, որից առաջին տեղի համար` 6000 դոլար, երկրորդ տեղի համար` 5000 դոլար, իսկ երրորդի համար` 4000 դոլար:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով` 9 ռաունդով: Ժամանակի վերահսկում. 1 ժամ 30 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` լրացուցիչ 30 վայրկյանով ամեն քայլի համար: