4 դեկտեմբերի 2023 - 14:15 AMT
Ադրբեջանը «վերականգնելու է» Հադրութի Սբ Հարություն եկեղեցին «որպես աղվանական կոթող»

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ Հարություն եկեղեցին որպես «աղվանական կոթող վերականգնելու մասին»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։

Նշվում է, որ ըստ Հադրութի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։

Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց հանվել է խաչը։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակն Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները տարբեր պատրվակներով արգելում են ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելության մուտքը Արցախի օկուպացված տարածքներ։