Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ծնված ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամկետը կարող է երկարաձգվել։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Հիմա «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի` քաղաքացի ճանաչելու հոդվածում ժամկետային սահմանափակումներ են գործում՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, գրում է Sputnik Արմենիան։
«ԽՍՀՄ պետությունների հայերին ՀՀ քաղաքացի ճանաչելու գործընթացը պետք է ավարտվեր 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մենք դեռ դեպքեր ունենք, երբ մի շարք անձինք Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են դիմում ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։ Ըստ այդմ առաջարկում ենք երկարաձգել ժամկետները 3 տարով մինչև 2026 թվականը»,– ընդգծել է Ղազարյանը։
Օրինագիծն առաջարկված փոփոխությունով հանդերձ լիագումար նիստերի օրակարգում ներառվել է 24-ժամյա ռեժիմով։