ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել ոստիկանություն։ Համապատասխան նախագիծը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Գործող կարգավորմամբ՝ ՀՀ քաղաքացիները ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Սակայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց wստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ, այսինքն՝ ի սկզբանե նախատեսված գումարի 25 տոկոսի չափով:
Հեղինակն առաջարկում է գործող հավելյալ պարտավորությունը հանել քաղաքացիների վրայից, որովհետեւ վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի է wստիկանության ծառայությանը:
«Մեր քաղաքացիներն, այսինքն, ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կամ wստիկանության բաժանմունք կամ որևէ պարեկային ծառայողի: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այս հավելյալ պարտավորություն հանել քաղաքացիների վրայից, որովհետև այս տեղեկատվությունը հասանելի է ոստիկանության ծառայությանը»,-ասել է Աղաջանյանը:
Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ հարցը քննարկվել է Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Նշվել է, որ որոշ տեխնիկական հարցերի շուրջ մինչև երկրորդ ընթերցում հնարավոր կլինի գալ համաձայնության:
Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն, կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: