9 դեկտեմբերի 2023 - 11:03 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը և հուսով է, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում օգտագործել այս համաձայնագիրը՝ առաջ մղելու համար փոխադարձ վստահությունը և ապահովելու երկարաժամկետ խաղաղություն՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: