11 դեկտեմբերի 2023 - 13:13 AMT
Ստանո․ ԵՄ–ն մտադիր չէ զորավարժություններ անել ՀՀ հետ

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ–ն մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։

«ԵՄ–ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորություն։ ԵՄ–ն ռազմական դաշինք չէ, դա արժեքների քաղաքական և տնտեսական ընկերակցություն է»,–ասել է Ստանոն, հայտնում է «Իզվեստիան»։

Նա պարզաբանել է նաև, որ ԵՄ–ն մտադիր չէ նաև մարզել հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում։

Եվրամիությունը դիտարկում է հայկական բանակին Եվրոպական խաղաղության հիմնադրամի գծով «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ դեռ չկան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Հարցը քննարկվել է նոյեմբերի 27-29-ը Հայաստանում ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության այցի շրջանակում։ Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝«Frontex»-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։