Արգենտինահայ բժիշկ Պաբլո Էլմասյանը կմասնակցի բարեգործական վազքի մարաթոնի Բուենոս Այրեսից Մոնտեվիդեո՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների: Այդ մասին հայտնել է FIDEC Armenia կազմակերպության կայքը, որը մարաթոնի կազմակերպիչն է։
Էլմասյանը դեկտեմբերի 3-ից սկսել է մասնակցել «Առաջ` դեպի Հայաստանում առողջապահության բարելավմանը» մարաթոնին։ Բժիշկը մինչև դեկտեմբերի 16-ը պետք է վազի 600 կմ, այսինքն՝ օրական 42 կմ։ Հավաքագրված միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առողջապահական ծրագրերին: Ինքը՝ բժիշկը, սոցիալական ցանցերում պատմել է, որ մի քանի տարի առաջ որոշել է իր վազքի փորձը համատեղել բարեգործական նպատակների հետ, գրում է Sputnik Արմենիան։
«Այժմ, ուղևորվելով, ես ահռելի ջանքեր եմ գործադրում՝ աջակցելու Արցախից տեղահանվածների և ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչների առողջության բարելավման ծրագրին»,- նշել է նա։
FIDEC-ը նաև աշխատում է զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ: Պաբլո Էլմասյանը վարակաբան է և FIDEC-ի բժշկական տնօրենը, որն ամեն տարի ընտրում է Հայաստանի Շիրակի մարզի երկու գյուղ և առաջարկում բժշկական հետազոտությունների լայն շրջանակ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։