18 դեկտեմբերի 2023 - 13:57 AMT
Փարիզի, Ստրասբուրգի, Մոնպելյեի քաղաքապետները դեմ են Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի կազմակերպմանը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, սենատոր Բրունո Ռետայլոն, Օ դը Ֆրանս շրջանի նախագահ Քսավյե Բերտրանը, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Քերոլ Դելգան, Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլան, Մոնպելյեի քաղաքապետ Միքայել Դելաֆոսը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը համատեղ համատեղ հայտարարություն են ստորագրել, որով դեմ ենարտահայատվում ՄԱԿ-ի հաջորդ կլիմայական համաժողովն Ադրբեջանում կազմակերպելուն, գրում է La Tribune-ը:

«Ադրբեջանը ընտրվել է հաջորդ տարի դեկտեմբերի 11-ին COP29-ը ընդունելու համար: Սա ակնհայտորեն շատ վատ նորություն է այն երկրների և համայնքների համար, որոնք պայքարում են գլոբալ տաքացման դեմ՝ փորձելով հրաժարվել հանածո վառելիքից, քանի որ Ադրբեջանի տնտեսության 90%-ը կախված է նավթից և գազից»,- ասված է հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն էր հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:

Ըստ հայտարարության, ՀՀ–ն և Ադրբեջանը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: «Որպես բարի կամքի քայլ Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի Հանրապետության թեկնածությանը»,–ասվում է հայտարարության մեջ: