18 դեկտեմբերի 2023 - 18:42 AMT
Քաղաքապետարան․ Ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման սարքավորումներին և դեկորներին

Քաղաքապետարանը զգուշացնում է դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման սարքավորումներին։

«Չնայած Երևանի քաղաքապետարանի և աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար հորդորում և պահանջում ենք հետևել անվտանգության տարրական կանոններին, մասնավորապես քաղաքի ամանորյա լուսավորության միացման օրը՝ դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման ու լուսավորության սարքավորումներին և դեկորներին»,–ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ քաղաքապետարանը հրավիրում է բոլորին այցելել մայրաքաղաքի կենտրոնում և վարչական շրջաններում ձևավորված տեսարժան անկյուններ, նաև Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգի՝ սուրբծննդյան տոնավաճառի։

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19–ին: Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը: