Հայաստանում ԵՄ դիտորդների թվի ավելացումը կընդլայնի առաքելության հնարավորությունները և թույլ կտա ավելացնել պարեկների թիվը: Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Նա նշել է, որ առաքելության անձնակազմի ավելացումը ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը, գրում է Factor.am-ը։
«Առաքելության անձնակազմի ավելացումը ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություն իրականացնել տեղերում։ Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև ներդրում ունենալու հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է Ռիտերը:
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշում են ընդունել Հայաստանում իրենց քաղաքացիական առաքելության թիվն ավելացնել 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի: