Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերն իրագործվել են ժամանակին և որակով, սակայն որոշ պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Որոշ առանձին պայմանագրերի մասով իրոք որոշ խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի պարտավորությունների կատարման հետ, սակայն, դրանք աշխատանքային պահեր են, որոնք լուծվում են ՌԴ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների երկխոսության միջոցով»,–ասել է նա։
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին ՌԴ և ՀՀ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա:
«Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կամ արդեն կատարված են՝ ժամանակին և բարձր որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում», - նշել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ Մոսկվան և Երևանը նաև քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրերի կնքումը։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ ՌԴ–ն Հայաստանին չի մատակարարել վճարված գումարի դիմաց սպառազինությունը։ Երևանը հույս է հայտնել, որ այդ հարցը ռուսական կողմի հետ կլուծվի գործընկերային մթնոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ հարցին, ասել էր, որ վճարված գումարը կարելի է հանել ՌԴ–ին ՀՀ պարտքի գումարից։