ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում «վերջին աշնանային իրադարձություններից հետո» առաջին անգամ կմասնակցեն դեկտեմբերի 26–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Երևանն ու Բաքուն չեն հայտարարել միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունների մասին։
Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին՝ Բրյուսելում, դա 2023–ին նրանց հինգերորդ հանդիպումն էր։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները Գրանադայում և Բրյուսելում աշնանը չկայացան, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։
Նշվում է նաև, որ ամիսներ տևած ԼՂ շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն է սկսել, որի արդյունքում Ալիևը հայտարարեց, որ «հանրապետությունը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։
«Մի քանի օրվա ընթացքում ԼՂ-ից Հայաստան է մեկնել ավելի քան 100 հազար բնակիչ»,-ասվում է հրապարակման մեջ։
2022–ին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը։ 2023–ի մայիսին Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երևանի դիրքորոշումը չփոխվի։