28 դեկտեմբերի 2023 - 11:18 AMT
Գրիգորյանն ու Աբդոլլահիանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը:

ԱԽ քարտուղարն ու իրանցի նախարարը գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրի միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովրդի հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հայտարարել է, որ Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։