4 հունվարի 2024 - 12:33 AMT
Փաշինյանի՝ Լոռի այցից հետո մարզպետն ու Քաղշին կոմիտեի նախագահն ազատվել են պաշտոններից

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել են պաշտոններից։ Համապատասխան որոշումներն ընդունվել են գործադիրի 2024–ի առաջին նիստում։

Լոռու մարզպետի պաշտոնանկությունը հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցին, որը նա արել է հունվարի 3–ին։

Կառավարության նիստում, անդրադառնալով մարզ այցին, վարչապետն ասել է, որ դառնացած է դրանից։ Նա, ծանոթանալով կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, հայտնաբերել է բազմաթիվ թերություններ։

«Երեխաներին ասում ենք՝ դպրոց ենք բացել, եկեք դաս արեք։ Այդ երեխան վերարկուն որ կախեց ու կախիչը ընկավ, ի՞նչ է մտածելու իր պետության մասին։ Նրա ռեակցիան լինելու է այն, որ 3000 դրամանոց կախիչի փոխարեն 150 դրամանոցն են կախել, շինարարից մինչև վարչապետ կիսել են փողը։ Ես չեմ կարող թույլ տալ, որ պայմաններ ստեղծենք, որ երեխաներն այդպես մտածեն»,–ասել է Փաշինյանը կառավարության նիստում։

Հունվարի 3–ին Մեդովկա բնակավայրում, որտեղ շրջայցի ընթացքում Փաշինյանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, վարչապետն ասել էր․ «Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»:

Արամ Խաչատրյանը մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նա մինչ այդ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, սակայն դեկտեմբերի 8-ին հրաժարվել էր մանդատից։

Արմեն Ղուլարյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի հունվարի 27-ին։