Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի, որ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Այդ մասին ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Սարգիս Խանդանյանը։
Նա հավաստիացրել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է սա պնդել, հայտնում է «Ազատությունը»։
«Եթե այս սկզբունքը չպաշտպանվի ու չիրագործվի, ապա անհասկանալի է, թե ինչպես տեղի կունենա սահմանազատման գործընթացը», - ասել է նա։
Սահմանազատումը Խորհրդային միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով իրականացնելը Հայաստանի առաջարկն է: Խաղաղության պայմանագրում այն ներառելու հարցը դեռ քննարկվում է, համաձայնություն չկա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ չեն ցանկանում հիմք ընդունել ԽՍՀՄ վերջին քարտեզները: Նա հղում է արել 1940-ից 60-ականների քարտեզներին, պնդել, թե այդ փուլերում են «ադրբեջանական հողերը» տրվել Հայաստանին: Ալիևը նաև ասել է, թե հունվարի վերջին կայանալիք սահմանազատման հանձնաժողովի նիստի մեկ հարց կա «Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցը»:
Խանդանյանը պատասխանել է այն հարցին, որ եթե դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր և չկան սահմանազատման ֆիքսված սկզբունքներ, ինչի՞ մասին է խոսում ադրբեջանական կողմը:
«Ես կարծում եմ, որ որևէ կերպ պետք է սկզբունքները ֆիքսվեն, որովհետև առանց սկզբունքները ֆիքսելու ինչի՞ հիման վրա է սահմանազատում իրականացվելու: Այս հարցի պատասխանը մենք ունենք, թե ինչի հիման վրա պետք է սկսվի սահմանազատումը, և ես կարծում եմ՝ առանց այդ սկզբունքը ֆիքսելու Ադրբեջանը չի կարող այդ հարցի պատասխանը տալ», - ասել է Խանդանյանը:
Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյոք հանձնաժողովը բովանդակային աշխատանքը կսկսի պայմանագրի ստորագրումից հետո։
«Այս պահին մեր ցանկությունն այն է, որ սկզբունքը ֆիքսվի պայմանագրում ու դրան զուգահեռ սկսվի սահմանազատման աշխատանքը: Եթե այլ որևէ կերպ հնարավոր լինի սկզբունքները ֆիքսել ու արագ անցնել սահմանազատման աշխատանքներին, դա ևս տարբերակ է»,–ասել է նա:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն, ամեն դեպքում, կարծում է, թե այս փուլում քննարկվելու են աշխատակարգին առնչվող հարցեր, որից հետո արդեն կսկսի սահմանազատման գործընթացը:
«Գուցե առաջիկայում, երբ որ սահմանազատման բուն գործընթաց սկսվի, սկսվի այդ հատվածից, չեմ կարող ասել, կամ մեկ այլ հատվածից, բայց, բնականաբար, մենք պատրաստ չենք սահմանազատում իրականացնել միայն սահմանագծի մեկ հատվածի համար», - ընդգծեց սարգիս Խանդանյանը:
Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմի առաջարկած քարտեզին է դեմ, այլ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելու մասին չի հայտարարում: Մերժում են նաև զորքերը հայելային հետ քաշելու Երևանի առաջարկը: