5 մայիսի 2009 - 20:14 AMT
Արեւելյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը բխում է Եվրամիության շահերից
«Եկել է Եվրամիության եւ արեւելաեվրոպական երկրների հարաբերություններում զգալի փոփոխությունների ժամանակը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի` PanARMENIAN.Net-ին ուղարկված մամլո հաղորդագրությունում, Բարրոզուն նշել է, որ արեւելյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը բխում է Եվրամիության շահերից, եւ ուղղված է քաղաքական ու տնտեսական ինտեգրմանը: «Այդ կապերի ակտիվացումը նպաստելու է Եվրամիության արեւելյան սահմանների կայունությանը եւ անվտանգությանը»,- հայտարարել է նա: Բարրոզուն նաեւ ավելացրել է, որ «Արեւելյան գործընկերության» օգնությամբ ԵՄ-ն վկայում է գործընկերների հետ իր համերաշխության մասին, որոնք խիստ տուժել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից:

«Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին Պրահայում: Ծրագիրը հաստատվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին եւ ներառում է 6 հետխորհրդային երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելոռուս: