23 հունվարի 2024 - 17:10 AMT
Աննա Աղաջանյանը դեսպան է նշանակվել Սկանդինավյան մի շարք երկրներում

Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը Սկանդինավյան մի շարք երկրներում դեսպան է նշանակվել։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում և Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,–ասվում է հրամանագրում։

Աննա Աղաջանյանը Շվեդիայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 4-ին։