24 հունվարի 2024 - 17:37 AMT
Երևանում վրաերթի ենթարկված ձիու տիրոջը գտել են, 2 ժամ անց կենդանուն կարողացել են տեղափոխել

Երևանի Իսակովի պողոտայում` դեպի Արգավանդ տանող հատվածում, վրաերթի ենթարկված ձիու տերը հայտնաբերվել է, իսկ դեպքից մոտ 2 ժամ անց կենդանուն հնարավոր է եղել տեղափոխել դեպքի վայրից, հայտնում է Sputnik Արմենիան։

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ 2 ձի է երևում մեկի հետևի ոտքերը կոտրված վիճակում։ Տեսանյութերից մեկում ձիերը փողոցի մեջտեղում են անօգնական վիճակում, իսկ մյուսում` դրանք տեղափոխվել են մայթ։

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 11։13-ին։

«Ե՛վ պարեկները, և՛ փրկարար ծառայողները մեկնել են դեպքի վայր։ Այժմ ձիերի սեփականատերը գտնվել է։ Մեր ծառայողներն օգնել են տիրոջը կենդանուն բարձել մեքենան և տեղափոխել դեպքի վայրից»,– նշել է Սարգսյանը։

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հորդորելով կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք։

Նշվում է, որ ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր։

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք՝ մասնավորապես դրանց պահման և խնամքի պարտադիր պահանջների ապահովմամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդված համաձայն սահմանված է պատասխանատվություն կենդանիերի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։