Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։
«Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ խնդիրները հասցեագրելու համար։ Միևնույն ժամանակ, անցած սեպտեմբերի իրադարձությունների հետևանքով Հայաստանի աճող և հրատապ կարիքները պետք է պատշաճ և համարժեք լուծում ստանան»,- ասել է Կիպրոսի նախագահը, հայտնում է Արմենպրեսը։
Նա հայտարարել է, որ Կիպրոսն աջակցում է ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, ինչն, անկասկած, նպաստելու է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու զարգացմանը։
«Նման զարգացումը դյուրացնելու և խրախուսելու ցանկացած խթան պետք է լինի հավասարակշռված և մանրակրկիտ պլանավորվի ու իրականացվի»,- ասել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։