24 հունվարի 2024 - 19:19 AMT
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է․ Կոչ են անում չերթևեկել այդ ուղղությամբ

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածն առատ ձյան և սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կոչ է անում չերթևեկել տվյալ ուղղությամբ։

«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չերթեւեկել տվյալ ուղղությամբ։ Սպասարկող կազմակերպությունը բքի պայմաններում անում է հնարավորը ճանապարհը մաքրելու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 24-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Գորայք, Ջերմուկի ճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև, Մ-9 միջպետական ճանապարհից դեպի Շինուհայր-Տաթև, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ եւ կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։

Աշոցքի, Ամասիայի, Արագածի ճանապարհներին բուք է։

Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Արագածի տարածաշրջանի եւ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական եւ հանրապետական մյուս ճանապարհները բաց են։