30 հունվարի 2024 - 16:58 AMT
Կաթողիկոսն Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է ԼՂ հոգևոր ժառանգության պահպանման հարցը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ։ ​

Զրուցակիցները քննարկել են Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախից բռնի տեղահանված հայերի առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։